ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում, նոյեմբերի 7-ին ՌԴ մշակույթի ու գիտության կենտրոնում, կենտրոնի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, ինչպես նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Կուրսկի հերոսամարտի 75 ամյակին:
Միջոցառման գլխավոր հերոսները վետերաններն էին՝ Շիրակի մարզի տարածքից ռազմաճակատ մեկնած: Նրանց շարքերում էր նաև Լուկաշ Սանոսյանը:
94 ամյա վետերանն արդեն դժվարությամբ հիշելով իր անցած ուղին՝ դժվարին ու հաղթական օրերը, Sputnik Արմենիային փաստեց՝ Կուրսկում ամենաբարդ ու դժվարին ճակատամարտերից էր, բայց և պատերազմի ողջ ընթացքը հենց այստեղ ու Ստալինգրադում որոշվեց:
«18 տարեկան էի, երբ Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղից մեկնեցի ռազմաճակատ, նախ հետախույզ էի, ապա ռադիստ, եղել եմ Ուկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և այսպես մինչև վերջ, վիրավորվել եմ, բայց էլի ռազմաճակատ եմ մեկնել, մինչև Բեռլին հասել ու քոչարի էլ եմ պարել»,-ասում է Լուկաշ պապն ու խորհուրդ տալիս երիտասարդներին շատ սիրել հայրենիքը:
Հայրենիքը սիրելու ու Մեծ Հայրենականի ժամանակ պապերի ու հայրերի անձնազոհ սխանքը միշտ գնահատելու ու չմոռանալու խորհուրդը նաև ներկայիս զինվորականներին հղեցին՝ 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի ղեկավարները:
Կուրսկի հերոսամարտի 75 ամյակի առթիվ ՝ հերոսամարտի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրվեցին Կուրսի ճակատամարտի մասնակից շիրակցի 3 վետերան այդ թվում նաև Լուկաշ պապը: Պատվոգրեր ու նվերներ էր նախատեսված նաև մյուս վետերաններին: Ի դեպ, այս տարի հուլիսին Կուրսի ճակատամարտի մասնակից շիրակցի վետերանները անձամբ էին եղել Կուրսկում ու ծաղիկներ խոնարհել իրենց զինակից ընկերների հիշատակին՝ եղբայրական գերեզմանին ու մասնակցել հաղթական շքերթին :
Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի վճռական մարտական գործողություններից է:
Տեղի է ունեցել 1943թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը և համարվում է Մոսկվայի և Ստալինգրադի ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն է ունեցել, քանի որ խորհրդային զորքերի` հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի` «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց: