ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ավելի շատ նպաստառու ու թոշակառու ու ավելի քիչ աշխատող. Հայաստանի սոցիալական ոլորտի հաջորդ տարվա բյուջեի հիմքում դարձյալ այս բանաձևն է։ Այսօր` նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում, 2019թ–ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս, այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով` թոշակառուների թիվը հաջորդ տարի կավելանա 16 000–ով։
«Դժվար է մեկ շնչին բաժին ընկնող կանխատեսումը ՀՆԱ–ի մոտավորապես 4600 դոլարը համարել մեզ համար ամենամեծ երազանքի իրականացումը։ Մենք պատիկով ավելիին ենք ձգտելու» ,– պատասխանելով պատգամավորների հարցերին` ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ այս պահին հայաստանյան բյուջեի նախագծի հիմքում հենց այս` անցանկալի ցուցանիշն է։
Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հարցին` Ջանջուղազյանը նշեց, որ նվազագույն կենսաթոշակը հաջորդ տարի կսահմանվի 25 500 դրամ` նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Բայց այդքան կստանան միայն նվազագույն կենսաթոշակ ստացողները` նրանք, ովքեր մինչև հիմա 25 500 դրամից ցածր էին ստանում։ Այլ կերպ ասած` 25 500 դրամից բարձր կենսաթոշակները կմնան նույն մակարդակում։
Նվազագույն զամբյուղի և կենսաապահովման չափը Հայաստանում հաշվարկում է վիճակագրական կոմիտեն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազագույն պարենային զամբյուղը թեև 25 500 դրամ է, բայց նվազագույն կենսաապահովման համար 1 անձին ամսական անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ։