ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ–ում պաշտոնավարելու հերթն այս փուլում և մինչև 2020թ–ը Հայաստանինն է։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ մամուլում առկա լուրերին։
«ՀԱՊԿ–ում կա նորմատիվ իրավակարգավորում, պետք է որոշում կայացվնեն երկրի ղեկավարները։ Այս փուլում մեր հերթն է»,– ասաց Տոնոյանը։
Հարցին, թե ում թեկնածությունն է առաջադրել Հայաստանը, Տոնոյանը չպատասխանեց` ասելով, որ այդ հարցով ինքը չի զբաղվում։ Նա չմեկնաբանեց նաև Վաղարշակ Հարությունյանին առաջադրելու մասին լուրերը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնավարման մնացած 1.5 տարին Բելառուսին զիջելու տարբերակին, ապա նախարարի պաշտոնակատարն առաջարկեց սպասել։
«Եկեք 2 օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց ես ուղղակի տեղյակ չեմ։ Բայց ես մի անգամ արդեն արտահայտվել եմ. իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»,– ասաց նա։
Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Նրա լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին։ Հայաստանում այս ընթացքում հայտարարում էին, որ հույս ունեն պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան) ղեկավարները կհավաքվեն հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։