ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելի Վերաքննիչ դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել այն մասին, որ Բելգիայի թագավոր Ալբերտ II–ը երեք ամսվա ընթացքում պետք է հայրության թեստ հանձնի։
Դատարանին նման պահանջով է դիմել Դելֆինա Բոելը, որը հավակնում է Ալբերտի արտամուսնական դստեր կարգավիճակին։
«Միապետը պետք է թեստ հանձնի երեք ամսվա ընթացքում։ Դատարանը ճանաչել է, որ տիկին Բոելի իրավաբանական հայրը` Ժակ Բոելը, նրա կենսաբանական հայրը չէ», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Բրյուսելի փաստաբանական կորպուսում իր աղբյուրի խոսքերը։
Նույն աղբյուրը, սակայն, պնդում է, որ 84-ամյա թագավորն իրավունք ունի հրաժարվել պրոցեդուրայից։
Հայրությունը հաստատելու դեպքում, Բոելը կարող է հավակնել արքայադստեր տիտղոսին և բոլոր այն արտոնություններին, որոնցից օգտվում են թագավորական ընտանիքի անդամները։
Դելֆինա Բոելը դատական գործընթացը սկսել է 2013 թվականի հունիսին, երբ Ալբերտ II–ը, որպես պետության գործող ղեկավար, լիարժեք անձեռնմխելիություն ուներ։
Ավագ որդու` Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելուց հետո, նա պահպանել է թագավորի տիտղոսը, սակայն կորցրել իրավաբանական անձեռնմխելիությունը։
Դելֆինա Բոելի մայրը, բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշտամը, երկար ժամանակ իր աղջկանից թաքցնում էր, թե ով է նրա հայրը։ Միայն 18 տարեկանում Դելֆինան իմացավ մորից, որ նա միապետի արտամուսնական կապից ծնված դուստրն է։ Այն ժամանակ արքայազն Ալբերտի և բարոնուհու կապը 16 տարի է տևել, սակայն թագավոր դառնալով, Դելֆինային նա այդպես էլ չի ընդունել։ Նրա հայրն է համարվում բարոնուհու նախկին ամուսին, խոշոր արդյունաբերող Ժակ Բոելը, որի հետ բարոնուհին վաղուց էր ամուսնալուծվել, և ԶԼՄ հաղորդումների համաձայն, Դելֆինային զրկել կտակից։