ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստան ունի 2 սահման, որոնք թվում է, թե բաց են, բայց կիսաբաց են: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջերս մի փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ իր զրուցակցին հայտնել է, որ Հայաստանի երկու սահմանները փակ են, իսկ մյուս երկու սահմանները` Իրանի և Վրաստանի հետ, որոնք բաց են, իրականում կիսաբաց են:
«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,– ասաց նա։
Փաշինյանը չնշեց, թե կոնկրետ ում հետ է խոսել այս մասին, և ինչու են նրանք խոսել սահմանների մասին։