ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացիների մեծ մասը շարունակում է առաջնային համարել հայ–ռուսական համագործակցությունը, սակայն բնակչության հետաքրքրությունը նվազել է ինտեգրացիոն այն միավորումների նկատմամբ, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Gallup International Association ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է Հայաստանում 2018 թվականի սեպտեմբերի 3–ից 11–ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել են 1106 մարդ։ Տվյալների անճշտության մակարդակը 3% է։
«Հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը նշել է, որ պետք չէ միավորվել, 12․3 տոկոսը հայտնել է, որ կողմ է ԵՄ-ի հետ միավորվելուն, 7 տոկոսը` ԱՄՆ-ի», – ասաց Նավասարդյանը։
Ըստ նրա` հետաքրքիր դինամիկա է նկատվում Ռուսաստանի հետ միավորվելու առումով. 2011-2014 թվականներին հարցվողների 63 տոկոսը Ռուսաստանի հետ միավորվելու ցանկություն էր հայտնել։
«Եթե խոսում ենք ԵՄ երկրների հետ միավորվելու մասին, ապա տեսնում ենք, որ ցանկացողների տոկոսը 2011 թվականին 11-ի փոխարեն՝ 2013 թվականին հասել է 6 տոկոսի։ Եթե համեմատենք վերջին 9 տարվա զարգացումները, ապա այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ աճել է, և այս հետազոտության շրջանում միայն 12,3 տոկոսն է ասել, որ կցանկանա միավորվել ԵՄ-ի հետ»,- նշեց Նավասարդյանը։
Միաժամանակ 28,9 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի այսօրվա իշխանության համար գերակա կլինի համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ, 14,1 տոկոսի կարծիքով` Եվրամիության հետ, իսկ 7,1 տոկոսի կարծիքով` Միացյալ Նահանգների հետ։ Հարցվողների 35,4 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը հավասար հարաբերություններ կունենա ազդեցության բոլոր կենտրոնների հետ։
Հարցվածների 40 տոկոսը նշել է, որ Հայաստանը սեփական ուժերով պետք է ապահովի իր անվտանգությունը, 39,7 տոկոսի կարծիքով՝ ՀՀ-ի անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը, 9 տոկոսը պատասխանել է՝ ՆԱՏՕ-ն, 3,9 տոկոսն էլ նշել է՝ ՀԱՊԿ–ը։
Նավասարդյանը նշեց նաև, որ Ռուսաստանի նկատմամբ հասարակության հետաքրքրության անկումը պայմանավորված է մի կողմից ռուսական կազմակերպությունների ոչ բավարար չափի ինտենսիվ աշխատանքով, մյուս կողմից` հասարակական կարծիքի վրա ազդող այլ երկրների ակտիվ ու արդյունավետ աշխատանքով։