ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Տիմուր Սելիվանով. «Մրցանակի սեկտորն» ու «քեռի Լյոնյան» «Հրաշքներ դաշտը» հեռուստածրագրի հաջողության բանաձևն են։ Հաղորդման առաջին թողարկումը եղել է 1990 թվականի հոկտեմբերի 25-ին ԽՍՀՄ Պետհեռուստառադիոյի Կենտրոնական հեռուստատեսության Առաջին ծրագրով։ Այս տարիների ընթացքում ռուսական հեռուստախաղը հեռարձակվում է Հայաստանում, որտեղ հաղորդումն ունի ոչ միայն դիտողների, այլև մասնակիցների մի ամբողջ թիմ։
Ինչի՞ համար են հայերը սիրում «Հրաշքների դաշտը»։ Արդյո՞ք շոուն կգա Երևան։ Այս մասին կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։
Հրաշքներ լինում են
Միայն 2018 թվականի ընթացքում շոուին մասնակցել են ինը հայուհի ու մեկ հայ։ Նման վիճակագրություն չունի նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկը։ Լեոնիդ Յակուբովիչը Sputnik-ի հետ զրույցում նշեց.
«Ինձ պատմել են, որ երբ 90-ականներին Հայաստանում նորմալ լույս չի եղել, մարդիկ հեռուստացույց են դրել բակում, մի քանի ընտանիքներով հավաքվել են, որպեսզի «Հրաշքների դաշտը» դիտեն։ Այդ պատմությունը ցնցել է ինձ»։
Երևանի բնակիչ Լիանա Պետրոսյանն առաջին անգամ հանդիսատեսի կարգավիճակով է գնացել «Հրաշքների դաշտ» ու միանգամից ցանկացել է հայտնվել թմբուկին մոտ։ Նա մասնակցության հայտ է ուղարկել ու կես տարի սպասել պատասխանին։ Կինը չի հավատացել, որ հաղորդման մասնակից կդառնա, բայց մասնակցել է ու նույնիսկ հաղթել եզրափակիչ խաղում։
«Շատ էի հուզվում խաղից առաջ ու խաղի ժամանակ, նույնիսկ մոռացա «բարևներ» փոխանցել, բայց հուզմունքս ցույց չէի տալիս։ Իսկ սուպերխաղի ժամանակ ասես ուրիշ տեղ լինեի, ոչինչ չէի լսում։ Միայն մի քանի օր անց ուշքի եկա ու հասկացա, որ հաղթել եմ»։
Լիանան Մոսկվայից հայրենիք վերադարձավ «լուրջ» բեռով. նա շահեց խոհանոցային տեխնիկա, լուսանկարչական ապարատ, բջջային հեռախոսներ, համակարգիչ, կարի մեքենա ու տեսախցիկ։ Շահումի համար մասնակիցը շնորհակալ է իր տոհմին. Պետրոսյանները հնարամիտ են ու կռահող։
ԽԾԲ չկա
Ծրագրի խմբագիր Թամարա Սավլուկն ընդգծում է, որ մասնակիցների ընտրության ժամանակ ազգային նախասիրությունները կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը չի գործում։ Կասկածողներին կոչ է անում գալ ու մասնակցել «Հրաշքների դաշտը» ծրագրին։
«Վերջերս մեղադրական նամակ ստացա` իբր հյուրերից նվերները խլում ենք, որ հաջորդ հյուրերին տանք, ու ընդհանրապես հաղորդումը բեմադրված է։ Ես այդ նամակը գրած կնոջը հրավիրեցի մասնակցել հաղորդմանը, որպեսզի համոզվի` մեզ մոտ ամեն ինչ ազնիվ է»։
Հետին միտք չկար նաև «Ջան Ղարաբաղ» երաժշտական համարում, որը կատարեց ղարաբաղցի Գեորգի Գասպարյանը։ Խմբագրի խոսքով` ո՛չ նա, ո՛չ պրոդյուսերը, ո՛չ էլ հաղորդավարը չգիտեին երգի թարգմանությունն ու չէին մտածում, որ այն կարող է վիրավորել ադրբեջանցի հեռուստադիտողին։ Այնուամենայնիվ` վերջին տարիների տվյալներով` հայերն ու ադրբեջանցիները միասին «Հրաշքների դաշտում» չեն խաղում։
Սահմաններից այն կողմ
Դեռ 2018 թվականի ապրիլին շոուի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչն ասել էր լրագրողներին, որ նախատեսում է «Հրաշքների դաշտը» թեմատիկ թողարկումների շարք անցկացնել` ճանապարհորդելով խորհրդային նախկին հանրապետություններով։ Արդյո՞ք այս նախագծերն արդիական են, ու արդյո՞ք նախատեսում են Հայաստան գալ։ Հաղորդավարի անձնական ներկայացուցիչ Անատոլի Գոլդֆելդն ասաց.
«Դեռ սեպտեմբերին նամակներ ենք գրել մի քանի հյուպատոսարան։ Մենք չենք ուզում մեկ երկիր գնալ, որովհետև հաղորդումների շարք ենք ուզում անել։ Հակառակ դեպքում կստացվի, որ ընտրում ենք մեկին։ Հետո ամեն ինչ կախված է հյուպատոսարանների պատասխանների քանակից ու «որակից»` դրական կամ բացասական»։
Գոլդֆելդը դեռ չի շփվել հայկական դեսպանատան հետ, բայց Հայաստանի ներկայացուցիչները Sputnik-ին հայտնեցին, որ բաց են առաջարկությունների համար։
Ինքը` Լեդոնիդ Յակուբովիչն էլ ասաց, որ իր ցանկության մասին հայտնել է ԱՊՀ և Բալթյան երկրների մշակութային խորհրդատուներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ոչ մի տեղ մերժում չի ստացել, այնպես որ վստահ է` բազմամշակութային «Հրաշքների դաշտը» կարող է կայանալ։ Հաղորդավարը պատրաստ է «արտագնա» հաղորդում նկարահանել, եթե Առաջին ալիքը դեմ չլինի։
Հարցին` «ուզու՞մ եք հեռուստատեսություն վերադարձնել ինտերնացիոնալ խորհրդային ոգին», Յակուբովիչն աֆորիստիկ պատասխան տվեց.
«Միասնության ոգին երբեք չի կորել։ Եթե երկինք բարձրանանք, ինչը ես բավականին հաճախ եմ անում, ապա այնտեղ սահմաններ չկան։ Երկրի վրա էլ սահմանները նկարված չեն։ Եթե որևէ մեկը կարծի, որ մեր փոքր հաղորդումը կարող է ինչ-որ չափով միավորել մարդկանց, ես երջանիկ կլինեմ»։