ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Սևանա լճում ձկան պաշարների մեծացման միտում կա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։
«Սիգը Սևանում ավելանում է։ Այս տարվա արդյունագործական պաշարը կազմում է ընդհանուր պաշարի 20-25 տոկոսը: Օրինակ` եթե հիմա ասում եմ, որ 540 տոննա է եղել արդյունագործական պաշարը, նշանակում է` ընդհանուր պաշարը 2200 տոննա է կազմել։ Եթե այս տարի էլ աճի միտումը պահպանվի, տարվա վերջում կպարզվի, որ Սևանա լճում 600 տոննայից մի փոքր շատ սիգ կա», — ասաց նա ու ավելացրեց, որ ձկան պոպուլյացիայի վերաբերյալ չի կարող կոնկրետ թվեր ներկայացնել, քանի որ հետազոտության արդյունքները դեռ ամփոփված չեն։
Փորձագետի կարծիքով` լուրջ խնդիր է ձկնագողությունը։ Ձվադրման շրջանում, այսինքն` հիմա, ձկնորսությունը կտրականապես արգելվում է, քանի որ ձկները վտառներով են լինում, իսկ անբարեխիղճ ձկնորսներն օգտվում են դրանից։
«Շուկաներում կարելի է ոչ միայն ձուկ, այլև ձկնկիթ տեսնել։ Իսկ դա նշանակում է, որ հազարավոր նոր ձկներ պարզապես չեն ծնվում. Հետևաբար պաշարներն էլ զգալիորեն չեն աճում։ Անհրաժեշտ է կանխել ձկնագողության փորձերը», — ասաց նա։
Բոլորը ուշադրություն են դարձնում հիմնականում սիգի և իշխանի պաշարին և մոռացել են էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին. բեղլուն ու կողակն էլ պակաս կարևոր չեն: Վերջինը վերացման եզրին է։
«Կողակը էկոլոգիական հատուկ դեր ունի: Ուտում է տակի օրգանական նյութը, մաքրում է լիճը: Հիմա նրա տեղը ինչ-որ չափով, գրավել է խեցգետինը, բայց, միևնույնն է, կարևոր տեսակ է և նրա վերականգման համար ավելի երկար տարիներ են անհրաժեշտ, քան, օրինակ, սիգի: Եթե սիգի համար 7-8 տարին բավական է պոպուլյացիան վերականգնել վերականգնելու համար, իշխանի համար` 10-12 տարին, ապա կողակի համար՝ 20-ից շատ»,- ասաց Գաբրիելյանը։
Փորձագետն ընդգծեց, որ ձկների էնդեմիկ տեսակների պահպանման հարցն ամեն տարի բարձրաձայնվում է, բայց կառավարությունն ու պատասխանատու մարմինները դրան ոչ մի ուշադրություն չեն դարձնում։