ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովի նիստում հայտնեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
Նա հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ:
«Եթե հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Մուրադյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով։