ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնը՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, կարող են սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։ Ավելի ուշ հայտնաբերված 18-ամյա միայնակ մայրը պաշտոնապես հրաժարվել էր փոքրիկներից։