ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր` հոկտեմբերի 24-ին, նախատեսված է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով ԱԺ է եկել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նախ մասնակցեց «Ելք» խմբակցության նիստին, որից հետո խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ բարձրացավ նիստերի դահլիճ: Մինչ դահլիճ հասնելը Փաշինյանը հընթացս պատասխանեց լրագրողների մի քանի հարցի:
Փաշինյանը մասնավորապես ասաց, որ չի կասկածում, որ խորհրդարանն այսօր իրեն վարչապետի պաշտոնում չի ընտրելու:
ԱԺ-ի շենքի մոտ այսօր հնարավոր բողոքի ակցիայի մասին հարցին վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «ԱԺ-ն պիտի լինի այնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու կարիք չունենա»:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանն ասաց` աբսուրդ է, որ ժողովուրդն ԱԺ դահլիճում առնվազն մեծամասնությամբ ներկայացված չլինի:
ԱԺ «Ելք» խմբակցությունն երեկ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանը միակ առաջադրված թեկնածուն է: «Ելքը» միաժամանակ նաև կոչ է արել չընտրել Փաշինյանին: Երեկ քննարկված օրակարգային հարցերի քվեարկություններից հետո կմեկնարկի ԱԺ հատուկ նիստը` ՀՀ վարչապետի ընտրության հացով:
Հիշեցնենք` Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Սահմանադրության համաձայն` եթե այսօր ԱԺ-ն վարչապետ չընտրեի, մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: