ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնյաների հետ։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ հանդիպմանը Մարությանը հայտնել է, որ տեղյակ է Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին։
Քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հեռանկարային ծրագրերը:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի:
«Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն», — ասել է Աննա Միտյանինան:
Մարությանը հանդիպում է ունեցել նաև Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի և Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանի հետ:
Վերջինի հետ Երևանի քաղաքապետը քննարկել է Երևանի ու Մարսելի 26-ամյա համագործակցությունն ու երկու քաղաքների միջև կնքված համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքն ու անելիքները:
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։