Ըստ Մանասերյանի` բոլորը նկատում են, որ մայիսյան հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կա Հայաստանում։ «Ոչ միայն վերջին ամիսներին, այլև վերջին տարիներին ինստիտուցիոնալ առումով որոշակի առաջընթաց է գրանցվել, ինչը հնարավորություն է տվել Հայաստանին էապես բարելավել դիրքերը»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով` Ֆրանկոֆոնիայի պես միջոցառումները կարող են միայն նպաստել այն գործընթացներին, որոնցում ներգրավված է Հայաստանը, որոնք կարող են բերել հեղինակային բարձրացման, սակայն ոչ ավելին։
«Եթե գործարարները, տնտեսական կառավարման օղակներն իրենցից կախվածը չանեն և չլինեն ակտիվ ու նախահարձակ, ապա դրանք այդպես էլ կմնան որպես ընձեռված հնարավորություններ»,- նշեց նա։
Ըստ Մանասերյանի` նման միջոցառումներն օգնում են ստեղծել գործարար կապեր, զարգացնել դրանք և հիմք դարձնել տնտեսական նախագծերի համար։
«Ինչպես ներդրողները, այնպես էլ ողջ հանրությունն այսօր սպասումների մեջ են, կարծում եմ` այդ սպասումները դրական են։ Եթե տեղի ունենա այն, ինչ ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերին, այսինքն` ապահովվի բարեփոխումների շարունակականությունը, այդ դեպքում մենք կունենանք որակապես նոր միջավայր և, դրանով պայմանավորված, ավելի գրավիչ մթնոլորտ ներդրումների համար»,- ասաց Մանասերյանը։