ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բակերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել կռվի մասնակից անչափահասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Կատարվածի մասին հաղորդում ներկայացրած անչափահասը պատմել է, որ իրեն ծեծելով ու հայհոյելով բերման են ենթարկել ու շարունակել են ծեծել և բռնության ենթարկել նաև բաժանմունքում։
ՀՔԾ մամուլի ծառայությունը նշում է նաև, որ փաստի առիթով հարուցված է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն: