ԱՄՆ նախագահի խորհրդական և լավագույն ընկեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ (Ռուդի) Ջիուլիանի այցի մասին ունեցած իր տեղեկությունը Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Որևէ գաղտնի բան չկա։ Ռուդի Ջիուլիանին գալիս է Երևան, մի 2-3 օր նա կմնա այստեղ։ Կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նրա օրակարգում հենց այս համաժողովին մասնակցելու հարցն է»,-ասաց Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով` Ջիուլիանին Դոնալդ Թրամփի լրջագույն աջակիցներից է, նրա առաջարկով զբաղեցնում է խորհրդականի պաշտոնը։ «Կարծում եմ` Ջիուլիանին կարող է լինել հաջորդ «կոնտակ-պերսոնը», ում միջոցով կարելի է ուղիղ աշխատել Վաշինգտոնի հետ»,-նշում է քաղաքագետն ու նկատում, որ իրականում վերջին 2 տարում Հայաստանի համար դժվար է եղել ԱՄՆ կառավարության հետ ուղիղ կապի մեջ լինել։