ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Իրանական նավը հոկտեմբերի 19-ին ադրբեջանական Պիրալահի կղզուց 21 մղոն հեռավորության վրա աղետի ազդանշան է ուղարկել` կապված նավաստիների զանգվածային թունավորման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Պետական սահմանապահ ծառայության պաշտոնական կայքին։
Նշվում է, որ իրանցի նավաստիներին օգնության է մեկնել Առափնյա ծառայության պահակային նավը, որը վերցրել է իրանական նավի երեք մահացած անդամներին, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող չորս նավաստիներին, որոնց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նրանք տեղափոխվել են Ապշերոնի նավահանգիստ։
Իրանական «Նազմեխր» նավում եղել են անձնակազմի 12 անդամները, որոնցից 11-ն Իրանի քաղաքացիներ են, մեկը` Ուկրաինայի։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, նավապետին բուժօգնություն է ցուցաբերվում տեղում, նրա վիճակը նորմալ է։