ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են երեխաները կրակոցների ժամանակ փորձում փախչել քոլեջից ։ Տեսանյութը հրապարակել է Mash-ը Twitter-ի իր էջում։
Նշենք` երեկ Կերչի քոլեջում ինքնաշեն ռումբ է պայթել։ Միջադեպի փաստով սկզբում ահաբեկչության մասին էին քրեական գործ հարուցել, բայց ավելի ուշ պարզվել էր, որ քոլեջի ուսանողներից մեկն է կրակել ուսումնական հաստատությունում։ Քրեական գործը վերաորակավորվել է երկուսից ավելի անձանց սպանության հոդվածով։
Տեսանյութի հեղինակը հավանաբար քոլեջի ուսանողուհիների մեկն է։ Տեսագրության մեջ երևում է` ինչպես է աղջիկների խումբը վազվզում շենքի ներսում ու փորձում անվտանգ վայր գտնել։ Կրակոցների ձայներ ու բղավոցներ են լսվում, արդեն սպանվածներ ու վիրավորներ կան, քանի որ երևում են երեխաների ընկած մարմինները։ Ի վերջո աղջիկները լուսամուտով են փախչում։
Видео из керченского колледжа, снятое во время стрельбы.
— Breaking Mash (@BreakingMash) 17 октября 2018 г.
Девочки с преподавателем пытаются выбраться из здания политеха. Где-то рядом ходит Владислав Росляков с ружьем и бомбой. На лестницах лежат тела погибших и раненых.
Жутко. pic.twitter.com/75lZHOJzaW
Արդեն հայտնի է, որ կրակոցներն արձակել է քոլեջի չորրորդ կուրսի ուսանող Վլադիմիր Ռոսլյակովը։ Ղրիմի նախագահ Աքսյոնովն ասել է, որ հանցագործը դեպքի վայրում է եղել։ Ականատեսների խոսքով` ուսանողը չէր կարող միայնակ այդպիսի բան անել։
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն իր հերթին հրապարակել է ականատեսներից մի քանիսի պատմածը։
Նրանցից մեկը` ուսանող Իգոր Շիկշան, ասել է` այնպիսի տպավորություն էր, որ լուսամուտից նռնակ են նետել, հետո երկրորդ հարկում կրակոցներ են հնչել։
«Դա չէր կարող նույն մարդն անել, կարծում եմ` նրանք մի քանիսն էին։ Ամենայն հավանականությամբ հարձակումը նախապես էր ծրագրավորված. հրաձգությունից մեկ շաբաթ առաջ Վլադը հիվանդության թերթիկ էր վերցրել, դասի չէր գալիս», — ասել է Իգորը։
Նա ավելացրել է`ոմանց բախտը բերել է, քանի որ պայթյունի ու կրակոցների ժամանակ նրանք դուրս էին եկել ծխելու։
«Ես կարողացա արագ դուրս նետվել։ Ուսանողներից երկուսը փորձում էին փախչել կրակողից, բայց նա մեկին սպանեց, մյուսին չկարողացավ, որովհետև փամփուշտները վերջացան։ Հավանաբար նա պետք է վերալիցքավորեր զենքը։ Հենց փախա, կրակոցներ լսվեցին», — ասել է ուսանողը։
Երկրորդ կուրսի ուսանող Դենիս Գլյուկովսկին էլ է պնդել, որ հանցագործը մենակ չի եղել։
«Այնպիսի տպավորություն էր, որ մի քանի զենքից են կրակում, ասես այնտեղ մի քանի մարդ կար։ Մի հարյուր հոգի դարպասի վրայով փախան, հետո դարպասը կոտրեցին։ Բոլորը տարբեր կողմեր էին վազում։ Կրակողի մասին նախկինում չեմ լսել, չէի ճանաչում նրան։ Մի աղջիկ երկրորդ հարկից թռավ ու մահացավ։ Իմ խմբակիցների հետ ամեն ինչ կարգին է, իսկ ծանոթներիցս չորսը հիվանդանոցում են», — ասում է Դենիսը։
Պաշտոնական վարկածի համաձայն` Ռոսլյակովը դեպքի վայրում մենակ է եղել, թեև քննիչները ճշտում են` նա հանցակիցներ ունեցել է, թե ոչ»
Հարձակման հետևանքով մահացել են 20 մարդ։ Քննչական կոմիտեում նշել են, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից։
Մի քանի տասնյակ մարդիկ են տուժել, 37-ին հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում` «Արդյունաբերական ու քաղաքացիական շենքերի էլեկտրոնային սարքավորումների մոնտաժ, կարգավորում ու շահագործում» մասնագիտացմամբ։
Նա անվճար էր սովորում ու կրթաթոշակ էր ստանում։ Նախկինում երբեք ագրեսիա չէր դրսևորել ու ոստիկանության տեսադաշտում չէր հայտնվել։


