ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik, Խաչիկ Չախոյան. Այս համոզիչ հաղթանակը ապացուցեց, որ մեր ընտրանին կարող է անհամեմատ լավ ու արդյունավետ խաղալ: Հաստատ Ջիբրալթարի ու Մակեդոնիայի հետ համեմատություն անելիս, դժվար է ինչ-որ եզր գտնել ու մակեդոնացիները մի գլուխ բարձր են Ջիբրալթարից:
Ջիբրալթարի հավաքականի հետ խաղի համեմատ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում հինգ փոփոխություն էր կատարել: Խաղի մեկնարկից զգացվեց, որ շատ լարված պայքար է սպասվում մրցող կողմերին: Մերոնք անմիջապես ցույց տվեցին, որ վճռական են տրամադրված, հյուրերն էլ փորձեցին ապացուցել, որ պատրաստ են այս խաղին:
Կողմերը արագ ֆուտբոլ սկսեցին ցուցադրել ու գնդակը դաշտի կենտրոնում համարյա չէր մնում: Հայաստանի հավաքականը կարողացավ երկու անգամ լրջորեն սպառնալ մակեդոնացիների դարպասին: Իսկ 12-րդ րոպեին Մարկոս Պիզզելլիի հուժկու հարվածից հետո հյուրերի դարպասապահ Ստոլ Դիմիտրիևսկին չկարողացավ պահել գնդակը ձեռքերում ու մերոնք հաշվի մեջ առաջ անցան:
Ոգևորությունը ստադիոնում անմիջապես ավելի արտահայտիչ դարձավ: Չնայած ի պատիվ երկրպագուների հարկ է նշել, որ Ջիբրալթարից կրած պարտությունից հետո մեր թիմը նորից մեծ աջակցություն էր ստանում տրիբունաներից: Մեր հավաքականի խաղը ստացվում էր, սակայն 21-րդ րոպեին Մարկոս Պիզզելլին լուրջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Մակեդոնիայի հավաքականը մի քանի րոպե տիրեց նախաձեռնությանը: Փորձելով արագ վերականգնել հաշվի հավասարությունը հյուրերը ամբողջ կազմով նետվեցին առաջ: Բայց այդ հինգ րոպեանոց հատված մերոնք կարողացան լավ պաշտպանվել ու խաղը նորից հավասարվեց:
Ի վերջո` մինչև ընդմիջում խաղի լարվածությունը չընկավ, բայց հաշիվն էլ չփոխվեց: Այն կարող էր փոխվել հանդիպման 55-րդ րոպեին, բայց Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո մակեդոնացիներին «օգնության» հասավ դարպասի հորիզոնական ձողը: Իսկ ահա հետագայում մերոնք սկսեցին ավելի զգույշ գործել, հիմնականում ապավինելով հակագրոհներին: Մակեդոնիայի հավաքականը իր հերթին կարող էր խփել: Երկու անգամ շատ վստահ խաղաց Արամ Հայրապետյանը փրկելով մեր ընտրանուն: Դարպասապահի վստահությունը նոր ուժ հաղորդեց թիմակիցներին:
Խաղի ավարտից 23 րոպե առաջ Սարգիս Ադամյանը հիանալի կերպով տիրեց գնդակին ու այն ուղարկեց դեպի Մխիթարյանը: Հետևեց մեր ավագի արդյունավետ փոխանցումը դեպի Մովսիսյանն ու վերջինս կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Միթե՞ այս թիմն էր խաղում Ջիբրալթարի հետ: Չէ, որ եթե ուզում ենք կարող ենք: Չեմ ուզում ասել, որ նախորդ խաղում հաղթել չէինք, ուզում, բայց դե ֆուտբոլում արդյունքը ամեն ինչից կարևոր է:
Իսկ ջախջախիչ հաղթական արդյունքը ապահովեցին Գևորգ Ղազարյանը իր հիանալի ու ուժեղ հարվածով և մեր ֆանտաստիկ ավագ Հենրի Մխիթարյանը՝ 4:0:
Այս հաղթանակից հետո մեր հավաքականը դեռևս շանսեր ունի խմբում հաղթելու համար, բայց արդեն ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Արդյո՞ք Մակեդոնիան կպարտվի Լիխտենշտեյնին կամ Ջիբրալթարին: Բացի այդ էլ մենք պարտադիր պետք է հաղթենք հենց այդ հավաքականներին ու, ընդ որում, երկու դեպքում էլ մրցակցի հարկի տակ: Նոյեմբերի 16-ին մեր ընտրանին հյուրընկալվելու է Ջիբրալթարին, իսկ 19-ին Լիխտենշտեյնին: