ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն փորձել են հայկական արտադրության իրենց նոր գուլպաները։
Երկու վարչապետների լուսանկարներն իր էջում տեղադրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Օգտատերերը մի շարք ուրախ մեկնաբանություններ են գրել նկարի տակ` մաղթելով նաև, որ 2 վարչապետները «բարով մաշեն» իրենց նվերը։
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 12–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին էր նվիրել հայկական արտադրության եռագույն գուլպաներ։ Նշենք, որ Թրյուդոն հայտնի է որպես գունեղ ու հետաքրքիր նկարներով գուլպաների սիրահար։ Նրան հաճախ կարելի է տեսնել տարատեսակ նկարազարդումներով գուլպաներ հագին։
ՀՀ վարչապետը բարձրաստիճան հյուրին է նվիրել նաև նրա հոր` Պիեռ Թրյուդոյի լուսանկարը, որն արվել է 1984թ.–ին վերջինիս Հայաստան կատարած այցի ժամանակ։