ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Ինչպես տեղեկացնում են արտգործնախարարության մամլո ծառայությունից՝ Օդրի Ազուլան Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ: Այդ համատեքստում կողմերն ընդգծել են նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա հարթակների ներուժի լիակատար օգտագործման կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Օդրի Ազուլան անդրադարձել են ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի աշխատանքների օրակարգին և զուգահեռ անցկացվող միջոցառումներին: Վերջիններս համակարծիք են եղել, որ ՖՄԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորում են ընդհանուր արժեքներ և նպատակներ, որոնք կարող են լավ հիմք ծառայել մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն հաստատելու համար: