ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերն առաջին անգամ կհնչեն հայերենով Երևանում «Քեզ համար, Ազնավուր» համերգի ժամանակ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց երգիչ և դերասան Հայկ Պետրոսյանը։
«Քեզ համար, Ազնավուր» համերգը` նվիրված մաեստրոյին, տեղի կունենա այս տարի հոկտեմբերի 29-30–ին։ Ի սկզբանե նախատեսվել է, որ միջոցառումը կկայանա Երևանում, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերից մեկի ժամանակ։ Դրան պետք է մասնակցեր լեգենդար շանսոնյեն։ Ընտրվել են երգչի երգացանկից հանդիսատեսի սիրելի երգերը։
«Ազնավուրի որոշ երգեր համերգի շրջանակում կկատարվեն հայերենով։ Թարգմանությունն ապահովել է Պերճ Թյուրաբյանը», – ասաց Պետրոսյանը։
Հատուկ համերգի համար հավաքվել է 20 հոգուց բաղկացած երաժշտական կոլեկտիվ, որի մեջ ներառվել են Հայաստանի սիմֆոնիկ և ջազային նվագախմբերի լավագույն երաժիշտները։
Համերգի ընթացքում կներկայացվի մեծն արտիստի կյանքը, ինչպես նաև նրա ստեղծագործական ուղին։
Պետրոսյանի կարծիքով` Ազնավուրն այն հեղինակներից է, ում երգերը բարդ է կատարել, սակայն նա հավաստիացնում է, որ լավ որակ կապահովվի, և երգիչները լավագույնս կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքը։
Իր հերթին Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ նախարարությունը լիովին աջակցում է այդ համերգի անցկացման գաղափարին։
Տոմսերն այս շաբաթվանից կվաճառվեն։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները, դրանք ֆինանսական առումով հասանելի կլինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Վերջին անգամ Ազնավուրը Երևան այցելել է 2017թ.–ի մայիսի վերջին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հանձնման արարողության շրջանակում։ Նա նաև ներկա է եղել «Բոհեմա» բալետի պրեմիերային։ Այդ ժամանակ Ազնավուրն անձամբ 12 երգ է ընտրել բեմադրության համար։
Նա պետք է Հայաստան գար հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, սակայն չհասցրեց։ 2018թ.–ի հոկտեմբերի 1–ին Ազնավուրը հեռացավ կյանքից։