ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին կփոխարինի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը։ Այս մասին նշված է մարզպետարանի պաշտոնական կայքում։
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ և ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետներն ազատվելու են աշխատանքից` ներկայացնելով նաև նախարարների ազատման որոշումները։