ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում սեփական հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործն արհեստականորեն ուռճացվում է։ Այս մասին ՆՏՎ հեռուստաալիքի «Պոզդնյակով» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահին կից գործող երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։
«Ամենակարևորը, որ ճիշտ հետևություններ լինեն։ Իհարկե, սխալ է, երբ արհեստական աղմուկ են բարձրացնում, երբ ինչ-որ մեկը փորձում է «դիվիդենտներ» շահել այդ թեմայից», — ընդգծել է Կուզնեցովան։
Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։
Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։
Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։