ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին:
Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու հոգու խաղաղության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։