ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր` հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստ է հրավիրել` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար:
Նախագծով առաջարկվում է կառավարությանն իրավունք վերապահել աշխատանքային օրերի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնել «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»։
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրինագծի անհրաժեշտությունը, մասնավորապես ասաց. «Նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարևորագույն և մեծամասշտաբ միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանում մեծ թվով պատվիրակություններ: Նրանց անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, և առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով»:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց փոխնախարարին։
«Ի՞նչ կապ ունի լոռեցի, իջևանցի երեխան Երևանի տրանսպորտի հետ: Ինչո՞ւ պիտի նրա ծանրաբեռնվածությունն այս երկու օրերի փոխարեն մեկ այլ շաբաթ դառնա 6-օրյա»,- ասաց նա:
Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ կառավարությունը միայն Երևանի վերաբերյալ նման որոշում կայացնելու իրավունք չունի: Բացի այդ, հնարավոր է, որ Լոռուց ու Իջևանից ևս գան Երևան` ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցելու:
ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ լուրեր կան, թե հապճեպ նախապատրաստության ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար գնումների ընթացակարգը տեղի է ունենում խախտումներով: Փոխնախարարը հայտարարեց, որ գնումների ժամանակ ոչ մի խախտում չի եղել ու չի լինի, շրջանառվող լուրերն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին աշխատանքային օրերը տեղափոխելու հարցի քննարկման ժամանակ երեկ կառավարության նիստում հայտարարվեց, որ ոչ աշխատանքային են լինելու հոկտեմբերի 11-ն ու 12-ը: Բայց մինչ այդ դեռ անհրաժեշտ է, որ խորհրդարանն ընդունի օրենքի փոփոխությունն ու նման որոշում կայացնելու իրավունք տա կառավարությանը։

