ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը, որն օրեր առաջ դատարանը չէր ընդունել ու վերադարձրել էր, այսօր դարձյալ մուտքագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը։
«Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան»,- ասաց նա՝ անդրադառնալով առաջին հայցադիմումը վերադարձնելու որոշմանը։
Ալավերդյանն ընդգծեց, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի:
Ավելի վաղ հայտնել էինք` որ ըստ դատական դեպարտամենտի տեղեկատվական համակարգի հրապարակման` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումում եղել էին որոշ խախտումներ, որոնք վերացնելու համար էլ հայցադիմումը վերադարձվել էր հայցվորին։
Այդ հայցով Քոչարյանի որդին Վանեցյանից փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: