ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը` Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է Ալցհայմերի հիվանդություն։ ԱԱԽ քարտուղարն այս մասին գրել է Facebook-ում։
«Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ, անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։ Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է Ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա»,- գրել է նա։
Գրիգորյանը նշել է, որ երբ առաջին անգամ լսել է, թե ինչպես է մահացել հայրը, սկսել էի մտովի կռվել նրա հետ։
«Բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ: Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել»,- գրել է նա։
Գրիգորյանը նշել է, որ իր համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։
«Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։ Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։ Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է»,- գրել է ԱԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցել են իրեն և փորձել են թեթևացնել իր և իր ընտանիքի վիշտը։
Հիշեցնենք, որ ԱԱԽ քարտուղարի հորը հոկտեմբերի 2-ին կախված էին հայտնաբերել։ Քննչական խումբը պարզել էր, որ նա իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
