ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը պատրաստվում է դատարան դիմել մամուլում տարածված տեղեկության համար։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե մարզպետն օրեր առաջ հանձնարարել է փակել «Գյումրու ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան։
«Դատարան եմ դիմելու։ Նման բան չի եղել, սուտ է։ Ես 3 անգամ եղել եմ այդ սրճարանում»,- Sputnik Արմենիային ասաց մարզպետը։
Սարուխանյանը նաև գրառում է արել Facebook սոցիալական ցանցում։
«Միշտ զարմացել եմ տարատեսակ ախմախություններ հրապարակողների ու առավել ևս տարածողների վրա: Լավ, դուք ինչո՞վ եք մտածում: Դեռ այսքանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գյումրու հենց սրտում՝ Աբովյան ճեմուղում, այս տարվա սեպտեմբերին յուրահատուկ փուռ-սրճարան է բացվել, որն առայժմ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Աշխատանքի անցնելու նախապայմանն այստեղ հաշմանդամությունն է: Նմանը չունեցող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Այստեղ նրանք ոչ միայն հաց ու թխվածքներ են թխում, այլ նաև հենց իրենք էլ մատուցում են: