ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխություններն այսօր ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձան, մասնավորապես` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել- չցրելու ենթատեքստի շուրջ: Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հատուկ հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր 6-7` ամիս առաջ` դեռ մարտ- ապրիլ ամիսներին: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ դրանում որոշ փոփոխություններ են արվել:
Մի փոփոխությունն արվել է անցյալ շաբաթ տեղի ունեցած գաղտնալսումների հարցով քննիչ հանձնաժողովի նիստից հետո, քանի որ նիստի ընթացքում հարց է ծագել, թե ինչ կարգով պիտի հրավիրվեն այն պաշտոնատար անձինք, ովքեր արդեն ազատվել են պաշտոններից:
«Որոշում կայացվեց այդ պարտականությունը պահպանել նաև պաշտոնից ազատվելուց հետո, եթե հրավեր ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը»,- ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը` ասաց Հովհաննիսյանը:
Երկրորդ փոփոխությունն առնչվում է այն դեպքերին, երբ ԱԺ-ն վարչապետ ընտրելու ընթացքում ինչ-որ պատճառով չի կարողանում նիստ գումարել:
«Մենք չունենք ԱԺ կանոնակարգ օրենքում, այսպես ասած, ֆորսմաժորային կամ արտակարգ իրավիճակների կամ նիստի խոչընդոտման հետ կապված նիստը հետաձգելու դրույթ: Եվ անհրաժեշտություն է առաջանում կարգավորել այն դեպքերը, երբ արտակարգ իրավիճակի կամ այն դեպքերում, երբ պատգամավորներին խոչընդոտում են ներկայանալ նիստին: Կարգավորումները վերաբերում են 2 ասպեկտի` երբ նիստը չի կարողանում կայանալ, և երկրորդ` երբ շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը: Այս դեպքում առաջարկվում է նիստն ընդհատել ու վերականգնել, երբ խոչընդոտները վերացվեն»,- ասաց պատգամավորը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագծի բնույթը բացահայտված որակեց` նշելով` այն իր առջև խնդիր է դրել, որ վարչապետի բացակայության պարագայում, եթե 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրվի, խորհրդարանը ֆորմալ առումով պահպանվի:
«Փաստորեն, ստացվում է, որ եթե պատգամավորները ինչ-ինչ պատճառներով նիստի չեն գալիս, և նիստը հնարավոր չէ գումարել, նախագահողը նիստը հայտարարելու է ընդհատված, և ըստ էության սրանով փորձ է արվում կասեցնել օրենքի այն դրույթը, որ վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանն արձակվի»,- ասաց Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ հակառակ ՀՀԿ-ի այս ցանկության, նախագիծն այդ խնդիրը չի լուծի, որովհետև Սահմանադրությունն ասում է. «եթե 14 օրվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով»:
«Այս նախաձեռնությունը բերվել է, որ կանխվի այս ընթացակարգը, բայց վստահեցնում եմ, որ Սահմանադրությունը շատ հստակ է, և եթե վարչապետ չընտրվեց, խորհրդարանն արձակվելու է»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Մարուքյանին կոչ արեց գուշակությամբ չզբաղվել, ու նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ չանել:
«Եթե դուք ձեր խմբակցության ներսում վարչապետի հետ խնդիրներ ունեք, խնդրում եմ դա չբերել ԱԺ»,- ասաց նա:
ՀՀԿ ներկայացրած նախագիծը երկրորդ ու վերջնական քվեարկության կդրվի նիստի օրակարգային հարցերը սպառելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է արագացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։
Երեկ` հոկտեմբերի 1-ին, Փաշինյանըհանդիպել էր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը հանդիպումից ասել էր` կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ: