Ութ տարեկան Նվերը ցեղասպանության մսաղացի մեջ է ընկել դեռ հայրենի Ականց (Արճեշ) քաղաքում, որը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին: Թուրքերը հորը սպանել են նույն 1915թ-ին, մայրն ինչ-որ հրաշքով հասել է Էջմիածին, բայց շուտով մահացել է ծանր հիվանդության պատճառով: Նվերը հայտնվել է Օշականի որբանոցում, ստիպված է եղել ճորտություն անել հարուստ տերերի մոտ:
Նա ինչ-որ ժամանակ ճորտություն է արել անհրաժեշտությունից դրդված, իսկ երբ դարձել է 16 տարեկան, բոլորի պես հասկացել է, որ պետք է կյանք կառուցել, և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել։ Նվերը Երևանում ընդունվել է ռազմական դպրոց, իսկ չորս տարի անց նրան` լավագույն աշակերտներից մեկին, ուղարկել են Մոսկվա՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա: Այդպես սկսվել է կադրային սպայի կարիերան, որին վիճակվել է անցնել դժոխքի բոլոր շրջաններով:
Սաֆարյանը Մեծ հայրենական պատերազմը դիմավորել է Արևմտյան Ուկրաինայում՝ Իվանովո-Ֆրանկովյան մարզում՝ առաջին օրվանից իր գնդի հետ ընկնելով թեժ մարտի մեջ: Օգոստոսի սկզբին նա գերի է ընկել, բայց նրան չեն հասցրել ձևակերպել որպես ռազմագերի և ուղարկել համակենտրոնացման ճամբար: Սաֆարյանի բախտը բերել է. մի քանի օրից նրան և մյուս գերիներին ազատ են արձակել, ամենայն հավանականությամբ, խորհրդային զորքերի հազվադեպ հակագրոհներից մեկի արդյունքում:
Այնուհետև եղել են մարտեր Ուկրաինայի, Կովկասի և Ղրիմի համար, Լեհաստանի ազատագրումը, Սաֆարյանը երեք լեհական պարգև ունի: Եվ խորհրդային զորքերը վերջապես մտել են Գերմանիա:
Այդ ժամանակ Նվեր Սաֆարյանն արդեն գեներալ-մայոր է եղել, և 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար լինելը մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել: Սաֆարյանի հրամանատարության տակ կռված զինվորները հիշում են նրան որպես սառնարյուն հրամանատար, որը ոչ մի իրավիճակում չի կորցրել գլուխը: Միայն ամենադժվար և վտանգավոր պահերին է նա ցույց տվել հոգեբանական լարվածությունը, երբ սկսել է հայերեն հրամաններ տալ:
Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ գնդապետ Վասիլյանը, որը եղել է 89-րդ դիվիզիայի հրամանատարը, հերոսաբար զոհվել է, և Սաֆարյանին անսպասելիորեն կանչել են շտաբ: Այսինքն, ոչ այդքան անսպասելի. դա եղել է 1942թ-ի վերջին, իսկ նրան կանչելուց մի քանի օր առաջ Սաֆարյանի դիվիզիան ստիպված է եղել նահանջել հակառակորդի ճնշման տակ Նալչիկի պաշտպանության ժամանակ: Դիվիզիայի հրամանատարը սպասել է, որ իրեն կհանդիմանեն և նկատողություն կանեն:
Գեներալ-գնդապետ Մասլեննիկովն ամեն ինչ ասել է կարճ, հստակ և առարկություններ չհանդուրժող տոնով. «Ընկեր Սաֆարյան, ձեզ նշանակել են 89-րդ հայկական հրետանային դիվիզիայի հրամանատար», — տեղեկացրել է նա:
Սաֆարյանն ամենից քիչ նման շրջադարձի է սպասել և մեխանիկորեն հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե չի կարող թողնել իր դիվիզիան, առավել ևս` ծանր պահին: Սպաները հիմնավորել են իրենց առաջարկը, որը քննարկման ենթակա չէր, նրանով, որ ցանկալի է՝ հայկական դիվիզիայի հրամանատարը հայ լինի. հարցը փակվել է: Մասլեննիկովի հրամանը, ականատեսների վկայությամբ, այսպես է հնչել. «Ընդունեք հրամանատարությունը: Ամեն ինչ լավ կլինի»:
1945թ-ին 89-րդ դիվիզիան արդեն պաշտոնապես կոչվել է «Հայկական Թամանյան եռակի շքանշանակիր» դիվիզիա: Այն դարձել է ազգային խմբավորումներից միակը, որը մասնակցել է Բեռլինի գրոհին: Դիվիզիային հատուկ կարևորության առաջադրանք է տրվել` կոտրել գերմանական ուժեղացված կայազորի դիմադրությունը, որն ամրապնդվել է Բեռլինի Հումբոլդտ-Հայն շրջանում: Կայազորը ջախջախվել է, իսկ դիվիզիան պարգևատրվել Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով: Բեռլինում էլ այն ավարտել է երեք սարսափելի տարի տևած իր երկար ուղին:
Այդ հաղթական բեռլինյան օրից պահպանվել է մի ժամանակագրություն՝ աղոտ, հապճեպ նկարված, երբ ռազմական թղթակիցները, ուրախությունից իրենց կորցրած, միանգամից ցանկանում են ամեն ինչ նկարել: Հիշո՞ւմ եք հայտնի կադրերը, երբ զինվորները հայկական «քոչարի» են պարում Ռեյխսթագի պատերի մոտ: Նրանք Թամանյան դիվիզիայի զինվորներն են, իսկ կազմակերպիչը, ինչպես վկայում են ականատեսները, եղել է գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը:
Պատմությունը չի պահպանել նրա անունը, ով առաջին անգամ Սաֆարյանին «Հաղթանակի գեներալ» է կոչել։ Գուցե եղել է մարտական ընկերը կամ ռազմական թղթակիցը` տպավորված այն վճռական վստահությամբ, որով դիվիզիան Սաֆարյանի հրամանատարությամբ թափանցել է Գերմանիա…