ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի ամենամեծ գաթան, որը թխվել է Երևանում, համալրել է Գինեսի ռեկորդների շարքը։ Այսօր`սեպտեմբերի 28-ին, ռեկորդը գրանցել է Guinness World Records–ի պաշտոնական դատավոր, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը, որը մասնակցել է կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառմանը։
«Այս միջոցառումը ծրագրում էինք 11 օր։ Ռեկորդակիր գաթան թխվեց 24 ժամում։ Կեսգիշերին պատրաստ էր։ Գաթայի վերջնական քաշը 368,6 կգ կազմեց», — ասաց Ջոանան։
Պատմության մեջ մնալու գաղափարը տարեսկզբին առաջարկել էին «Երեմյան փրոջեքթս» ընկերության աշխատակիցները։

«Արդեն մարտին մենք պատրաստեցինք ամենաերկար գաթան։ Մեզ դեռ այն ժամանակ էին ասում, որ կարող է ռեկորդ սահմանվել։ Այս անգամ մենք որոշեցինք պատրաստել ամենամեծ գաթան և գրանցել այն Գինեսի ռեկորդների գրքում», — միջոցառման ժամանակ ասաց «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Ռեկորդը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։
