ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. «Մինչև երկրի ղեկավարները չբուժվեն մեր հիվանդանոցներում, առողջապահական ոլորտի վիճակը կշարունակի հենց այսպիսին էլ մնալ»: Այս մասին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Առողջապահության ոլորտի խնդիրները և լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1990-1991 թվականների ՀՀ առողջապահության նախարար, այժմ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը՝ խոսելով բժշկի ցածր վարկանիշի պատճառների մասին:
Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեր երկրում բուժվելու հարցը, ըստ նախկին առողջապահության նախարարի, կարևոր է, որովհետև հենց այդ պատճառով չկա համընդհանուր վստահություն բժիշկների մասնագիտական որակների հանդեպ: «Բժիշկների վարկանիշը օր օրի նվազում է, իսկ դա բխում է վերին օղակներից: Պիտի հստակ տարբերակել առողջապահական համակարգի չորս կոմպոնենտները՝ ղեկավարություն, ծառայություններ, ֆինանսավորման բլոկ, ռեսուրսներ»,-ասում է Միհրան Նազարեթյանը՝ փաստելով, որ որևէ երկրում չկա իդեալական առողջապահական համակարգ, անհրաժեշտ է պարզապես համակցված և խիստ մտածված քայլեր անել այս ոլորտը ճահճացումից դուրս բերելու համար:
Քննարկման մասնակից Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը բժշկի վարկանիշի կտրուկ նվազման միտումը բացատրում է սոցիալական գործոնով: «Առողջապահական ոլորտում համակարգային մոտեցումն է պակասում: Մենեջմենթը պիտի խորացնել»,-իր դեղատոմսն է առաջարկում նա:
Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները քննարկման արդյունքում վեր են հանում բազմաթիվ այլ թիրախային հարցեր ևս: Կարևորվեց հատկապես բժշկական ապահովագրություն մտցնելու հարցը: Ըստ ակնաբույժ Սահակ Դաշյանի՝ անվճար բժշկություն չի եղել և չի էլ լինի:
«Քանի դեռ տեխնոլոգիաները թանկացման միտում են գրանցում, գնային քաղաքականության նվազում չի լինի: Ապահովագրության կազմակերպումը պետք է հիմա սկսել»,-համոզված է նա:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու Օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը կիսում է իր գործընկերների այն կարծիքը, համաձայն որի անվճար առողջապահություն չկա. «Պիտի լինի հստակ համակարգ: Բժկությունը թանկ հաճույք է: Տեխնոլոգիաները զարգանում են, բժկությունը թանկանում է: Որակի համար պիտի վճարես»:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման արդյունքում առողջապահական ոլորտում վեր հանվեցին բազմաթիվ թույլ օղակներ՝ սկսած բժշկի վարկանիշի նվազելու միտումից, մինչև պարտադիր բժշկական ապահովագրությունը: Ոլորտի ներկայացուցիչները իրենց առաջարկները ներկայացրին՝ բարեփոխումներ իրականացնելու համար: