ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիա»-«Բանանց» (1:3) խաղին «Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հեռացման, «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի և «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արամ Լոռեցյանի՝ հանդիսատեսի հետ վիճելու հարցերը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի ժամանակ որոշվել է «Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անվայել պահվածքի համար որակազրկել 2 խաղով, «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային Ակումբ ԲԲԸ-ին տուգանել 50000 դրամ:
«Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանին հանդիսատեսի հետ վիճելու համար որակազրկել են 2 խաղով, «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային Ակումբ ԲԲԸ-ին տուգանել են 50000 դրամ:
«Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արամ Լոռեցյանին հանդիսատեսի հետ վիճելու համար որակազրկել են 2 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել են 50000 դրամ:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 25-ին աշխատանքից հեռացրել է Վադիմ Սկրիպչենկոյին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է «Արարատ-Արմենիա-2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: Սկրիպչենկոն այդ պաշտոնը ստանձնել էր օգոստոսի սկզբին։