ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում կայացել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ։ Ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։
Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։