ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Խորհրդարանական արտահերթ ընտրություններում այլևս «Ելք» դաշինիք չի լինի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
««Ելք» դաշինիքի անդամ կուսակցություններն առանձին մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին։ Նաև տեղեկություն ունեմ, որ մեր գործընկերները ցանկություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս առանձին մասնակցելու` «Լույս» դաշինքնով»,–ասաց Լենա Նազարյանը`միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ի տարբերություն «Ելք» դաշինքի, ԱԺ «Ելք» խմբակցությունը բնականոն աշխատում է, բոլոր պատգամավորները կատարում եմ իրենց աշխատանքը։
«Ես էլ որպես «Ելք» խմբակցության ղեկավար փորձում եմ հնարավորինս արդյունավետ կազմակերպել այդ աշխատանքը»,–հավաստիացրեց Նազարյանը։
Նրա խոսքով` «Ելք» դաշինքում այս պահին որևէ տարաձայնություն չկա, որովհետև բոլոր հարցերն արդեն պարզաբանված են, իրենք պարզապես գործընկերային սկզբունքներով աշխատում են, նաև իրենց գործն են անում ԱԺ–ում որպես «Ելք» խմբակցություն։
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Լույս» դաշինքը կմասնակցի ներկայիս կազմով։
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո «Ելք» դաշինքում ներգրավված ուժերի ճանապարհները բաժանվեցին։