ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք երեկ բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ և իրենց ուղևորատար ավտոմեքենաներով շրջափակել էին կառավարության շենքի` Հանրապետության հրապարակին հարող տարածքը։
«Փոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Նրանք առաջարկել են այսուհետ գնահատման գործընթացը կատարել թափանցիկ ընտրակարգով»,- Facebook սոցիալական ցանցում գրել է փոխնախարարը։
Ի պատասխան նախարարությունը երաշխավորել է մրցույթների և գնահատման գործընթացի թափանցիկությանը և վստահեցրել, որ բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:
Փոխնախարարն առաջարկել է նոր մրցույթ կազմակերպել, որի մասին նախարարությունը պաշտոնապես կհայտարարի շուտով: Փոխարենը ընկերություններին էլ առաջարկել են իրենց հերթին հաշվի նստել գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձել լավագույնս բավարարել դրանց:
Որպես առաջիկայում անցկացվելիք մրցույթի թափանցիկության երաշխիք`Արմեն Փամբուխչյանը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը:
Անդրադառնալով վարորդներին հուզող մյուս խնդրին՝ թույլտվությունների (дозволь) շուտ վերջանալուն, Փամբուխչյանը հայտնում է, որ այսուհետ մեկ վարորդին տրվելու է միայն մեկ թույլտվություն։