ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ իրական բովանդակություն ունենա, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Ինչպես բազմիցս ասել ենք, Փաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի։ Այն պետք է բովանդակալից լինի», — ասաց Բալայանը։
Նրա խոսքով` եթե կոնկրետ բովանդակություն լինի, ապա կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել։ Բալայանը հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների տխուր փորձ ունի, երբ Բաքուն որոշ ժամանակ անց հրաժարվում է այդ պայմանավորվածություններից։
«ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պետք է իրականացվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Խոսքն ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված համաձայնությունների` միջադեպերի հետաքննության մեխանիզմների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը մեծացնելու մասին է», — ասաց Բալայանը։
Նա նշեց, որ մինչ օրս Ադրբեջանը արգելափակում է այդ պայմանավորվածությունների իրականացումը։
Հիշեցնենք, որ այսօր Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։