ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։ Ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։
Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։
Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե, քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։
Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։