ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի 42-ամյա թեկնածու Հայկ Մարությանին հասարակությունը ճանաչում է հիմնականում դերասանական և պրոդյուսերական կարիերայի շնորհիվ։
Մարությանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1992-1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ։ 1997-1998 թվականներին ծառայել ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։
1995 թվականից խաղացել է «Հայկական պրոյեկտ» ՈՒՀԱ թիմում, միաժամանակ աշխատել է «Շարմ» ընկերությունում, մասնակցել հայտնի «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը» 1-2, «Թույն կասետ», «Բանդա» և այլ նախագծերին։
2002 թվականին ընկերների հետ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ էլ աշխատել է որպես դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Այդ շրջանում մասնակցել է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7,5», «No comment», «Ալա Բալա Նիցա», «Սիրո գործակից» և «Սուպեր մամա» 1-2 նախագծերին։
Նրա կին չեխ է, անունը` Իվա։ Ունեն 4 երեխա` Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը։
2010 թվականից Մարությանն ակտիվ է նաև հասարակական կյանքում։ Նա մասնակցել է Մաշտոցի պուրակում խանութների կառուցման դեմ բողոքի ակցիաներին, դեմ է եղել հասարակական տրանսպորտի, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Ակտիվ է եղել նաև «թավշյա հեղափոխության» ընթացքում։