ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերում արձանագրել է գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:
ՄԻՊ–ն զգուշացնում է, որ դա ընտրական իրավունքի խախտում է, որի համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված։
«Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը»,– հայտարարում է պաշտպանն ու հիշեցնում` այդ արարքը պատժվում է 500 000-700 000 դրամ տուգանքով, կամ 2-5 տարվա ազատազրկմամբ:
Իսկ քվեաթերթիկը լուսանկարելն ու հրապարակելը պատժվում է 100 000-200 000 դրամ տուգանքով: