ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր ընտրության էր եկել ավագ դստեր հետ։
«Այսօր կիսվել ենք, ես մեծ աղջկաս հետ եմ եկել, կինս տանը փոքրիկներին է քնեցնում»,- ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե ինչու կնոջ հետ չի եկել քվեարկության։
Մարությանն ընտրության էր եկել տոնական տրամադրությամբ և այն գիտակցությամբ, որ վերջին տասնամյակների ընթացքում այսօր առաջին անգամ են իրապես ազատ ու արդար ընտրություններ կազմակերպվում։
Ինչ վերաբերում է իր հակառակորդների, մասնավորապես` ԲՀԿ-ի բարձրաձայնած հակաքարոզչության ու ընտրախախտումների մասին ահազանգերին, Հայկ Մարությանը նշեց, որ դրանցից տեղյակ չէ։ Փոխարենը ասաց, որ հակաքարոզչություն իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի դեմ։
«Շատ ուժեր ասում են, որ իրենց հանդեպ այսպես կամ այնպես է, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր ուժի նկատմամբ շատ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվել»,- ասաց նա` հավելելով, որ ինքն այդ մասին քարոզարշավի ընթացքում երբեք չի հայտարարել։
Իսկ քարոզարշավի լարված մթնոլորտը Մարությանին չի անհանգստացնում։ Նա համոզված է, որ թեժ քարոզարշավին հաջորդելու է հանդարտ հետընտրական շրջանը։
«Այդպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ուղղակի մեզ համար դա անսովոր է։ Սկզբից ընթանում է ընտրարշավ։ Այո՛, կրքերը բորբոքվում են, այո՛, ինչ-որ բաներ են գտնում իրար վրա` սուտ, ճիշտ, այդ ամենը կոչվում է ընտրարշավ։ Այդ ամենը կոչվում է քաղաքականություն, և տեղի է ունենում մինչև ընտրությունները։ Իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»,- ասաց նա։
Իսկ քարոզարշավին Մարությանն առաջին անգամ է այլ դիտակետից ու այլ աչքով հետևել և խոստովանում է` զավեշտալի միջադեպեր է արձանագրել։ Բայց քարոզարշավի մասին հումորային ֆիլմ նկարահանելու մտադրություն ու ժամանակ չունի, թեև չի բացառում, որ, եթե գտնվի մեկը, ով կցանկանա մեկտեղել նախընտրական զավեշտները, ինքը կարող է օգնել խորհուրդներով։
Այդուհանդերձ, ընտրվելու դեպքում էլ Մարությանը նշեց, որ ստեղծագործական աշխատանքից չի հրաժարվելու ու փորձելու է շարունակել ստեղծագործել։