ԵՐԵՎԱՆ, 22 Սեպտեմբեր — Sputnik. Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնել է առաջնագիծ: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը:
Հաջորդ օրը սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը:
Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող հակառակորդին: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայության համար ու նշել, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, իսկ այնտեղ ծառայողները իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:
Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:
Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման: