ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը ՀՖՖ նախագահը նույնպես ընդունել է:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար։ «Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին», — ասել է Մինասյանը:
Տևական ժամանակ է` խոսակցություններ են պտտվում, որ գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել Յուրի Ջորկաեֆը։
Ջորկաեֆն աշխարհի ամենաճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է: Նրա հայրը՝ ժամանակին հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը, ծագումով կալմիկ է, մայրը՝ հայ: Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի 90-ականների «ոսկե» հավաքականի անդամ էր, 1998-ին՝ աշխարհի, 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանի դափնեկիր է: