ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որտեղ Հայաստանն իրեն ապահով է զգում։ Այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Դա կոլեկտիվ անվտանգության կառույց է, որտեղ Հայաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ անկախ նրանից` արձագանք կլինի, թե ոչ»,- ասաց նախարարը՝ պատասխանելով Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի ու զինված ուժերի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ կրակոցների վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը վերաբերող հարցերին։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովին փոխարինելուն, Մնացականյանը նշեց, որ «կոնսուլտացիաները շարունակվում են», բայց չցանկացավ բացել փակագծերը։
Վերջին շրջանում Հայաստանի Տավուշի մարզում ավելի հաճախակի են դարձել ադրբեջանական կրակոցները։ Երեկ` սեպտեմբերի 19-ին, շարքային զինծառայող է զոհվել, ավելի վաղ վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչներից մեկը։
ՀԱՊԿ-ի ներուժն անհնար է կիրառել Տավուշում. կազմակերպությունում բացատրեցին` ինչու
Հիշեցնենք` Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։ Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։