ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը դիմել է ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամրագրել որպես Երևանի օր: Կառավարության այսօրվա նիստում հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրը դեմ չէ, բայց ունի մի լրացում:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն արդեն նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող Երևանի օրը որպես տոն օր նշելու օրվա հետ, ուստի առաջարկում ենք նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով»,- ասաց նախարարը:
«Շաբա՞թ, թե՞ կիրակի» խնդիրը նախարարի ներկայացրած նախագծից հետո մեծ իրարանցում առաջացրեց կառավարությունում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն ավանդաբար նշվել է որպես Երևանի օր և դեմ արտահայտվեց կիրակի օրով փոխարինելուն:
Ոստիկանապետ Օսիպյանը հիշեց, որ տարիներ շարունակ այդ օրերին Երևանում տոնակատարություններ են անցկացվել: «Եղել է տարի` շաբաթ օրն է եղել, եղել է տարի` և շաբաթ և կիրակի, Ես դա շատ լավ գիտեմ, որովհետև ես եմ դրանց կազմակերպմամբ զբաղվել»,- ասաց Օսիպյանը:
Ի վերջո, որոշվեց, որ նման օրենքի կարիք ընդհանրապես չկա. Երևանի տոնն առանց դրա էլ նշվում է: Այս առաջարկը վարչապետինն էր:
«Ես առաջարկում եմ հետևյալը` մեր եզրակացությունը լինի այն, որ մենք կարծում ենք` նման օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այս տեսքով էլ կառավարությունն ընդունեց նախագիծը: Իսկ Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնության ճակատագիրը վերջնական հանգուցալուծում կստանա ԱԺ-ում: