ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը։ Այս պահին ինստիտուտի դիմաց հավաքված ուսանողները ասում են, որ դասադուլ են հայտարարել և չեն դադարեցնելու այն մինչև իրենց պահանջները չկատարվեն։
ԵԹԿՊԻ Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Բալդրյանը հայտնեց, որ ուսանողների պահանջները երկուսն են` «ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով և երկրորդ`ռեկտորի և իր ղեկավար կազմի հրաժարականը»։
«Ժամանակն է, որպեսզի ուսանողները տեր կանգնեն իրենց իրավունքներին: Մենք չենք հանդուրժի նման վերաբերմունքն այն դեպքում, երբ տարիներ շարունակ լռել ենք»,– նշում է Բալդրյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չարաշահումներ են բացահայտվել ։
Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ.-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։
Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 500 000 դրամ աշխատավարձ։
Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։
Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում վատնվել է շուրջ 900 000 դրամ։
Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 150 000 դրամ։
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։