ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Թաթարական ԶԼՄ-ները Սերժ Սարգսյանի Յակով անունով «ազգականին» ամուսնացրել են Թաթարստանի խոշոր գործարար Ռավիլ Զիգանշչինի աղջկա հետ։
Kazanfirst պարբերականը գրում է, որ Թաթարստանի Սվիյաժսկիե խոլմի քաղաքում տեղի է ունեցել «Կազան» արտադրական-շինարարական միավորման ղեկավար Ռավիլ Զիգանշչինի դստեր և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ազգականի` Յակովի հարսանիքը։
Այդ մասին հայտնի է դարձել նախօրեին սոցիալական ցանցերում հրապարկված բազմաթիվ հաղորդագրություններից։ Պարբերականը հղում է անում «Բաբայ պոզվոնիտ» տելեգրամ-ալիքին, որն իր հերթին պնդում է, որ հանդիսությունը պետք է տեղի ունենար դեռ ամռանը, բայց ստիպված են եղել տեղափոխել հարսնացուի ոտքի վնասվածքի պատճառով։
Նշվում է, որ ընտանիքը ճոխ հանդիսություն է կազմակերպել մտերիմների ու ընկերների համար։ Այն մասին, որ «Սվիյաժսկիե խոլմիում» մեծ տոն է ծրագրվում, հայտնի է դարձել սոցիալական ցանցերում հանգստավայրի պաշտոնական էջերում հրապարակված հաղորդագրություններից։ Միաժամանակ նշվել է, որ ամբողջ ճանապարհը փակ է եղել հատուկ սպասարկման համար։
Պարբերականը հաղորդում է, որ փեսացուի և հարսնացուի ընտանիքները ժլատություն չեն արել։ Ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով։ Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական շոուի բիզնեսի առաջին մեծության աստղերը։
Հանդիսությունը վարել են դերասաններ Դմիտրի Խրուստալյովը և Եկատերինա Սկուլկինան։ Հարսանիքն ավարտվել է շքեղ հրավառությամբ։
Մի շարք տելեգրամ-ալիքներ և ԶԼՄ-ներ գրում են, որ Յակով Սարգսյանը Հայաստանի նախկին նախագահի հետ ազգակցական կապ ունենալուց բացի, հայտնի է նրանով, որ վերահսկում է իր հայրենիքում ոսկու և մետաղի արդյունահանումը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը Յակով կամ Հակոբ (հայերեն տարբերակով) անունով ազգական չունի։ Բացի այդ, Հայաստանում ոսկու և մետաղների արդյունահանման ոլորտում այդպիսի անուն չի շրջանառվում։