ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Դոնբասում MH17 չվերթն իրականացնող Boeing 777 օդանավը խոցվել է Ուկրաինայում գտնվող զորամասի հրթիռով։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռահրետանային վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պարշինը:
«Նախարարությունը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի համար նախատեսված հրթիռը, որով կործանվել է Boeing 777-ը, 1986թ. դեկտեմբերին փոխանցվել է Ուկրաինայի զորամասերից մեկի զենիթահրթիռային ջոկատին: Այժմ այդ զորամասը շարունակում է գտնվել Ուկրաինայում»,–ասել է նա: Նշվում է, որ առկա են հրթիռի վերաբերյալ համապատասխան արխիվային փաստաթղթեր, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է:
Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին, Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի օդային տարածքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: