ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ազատվել է պաշտոնից։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` նշելով, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։
«Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր»,- գրել է նա:
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Երևանի նախկին քաղաքապետին։
«Առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա:
Գևորգյանը նշել է, որ շնորհակալ է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր գործընկերներին ու, հատկապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներին՝ ամենօրյա համատեղ ու սրտացավ աշխատանքի, նվիրվածության և մարդկային բարձր որակների համար: