ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Վլադիկովկասում աղջկան փախցնելը տեսագրել ու հրապարակել են Instagram սոցցանցի էջերից մեկում։ Այս մասին հայտնում է Sputnik Օսեթեիան։
Տեսահոլովակում երևում է՝ ինչպես է կարմիր զգեստով աղջիկը դուրս գալիս, ամենայն հավանականությամբ, գրասենյակից, հետո սուլոց է լսվում, ապա մի քանի երիտասարդ են դուրս վազում, նրանցից մեկի ձեռքում պարկ է։ Աղջիկը հուսահատ բղավում ու վազում է, սակայն նրան բռնում ու մեքենան են նստեցում։
Օգտատերերը մեծ մասամբ բացասական են արձագանքել` նշելով, որ «իսկական օսեթների մոտ աղջիկ փախցնելը խայտառակություն էր համարվում ինչպես տղայի, այնպես էլ աղջկա ընտանիքի համար»։
«Խեղճը, երևի չէր ուզում», — գրել է օգտատերերից մեկը։
Կան նաև փեսային պաշտպանողներ, որոնք հաջողություն, առողջություն ու երկար տարիների կյանք էին մաղթում երիտասարդներին։
Ոմանք էլ կարծում են, որ տեսանյութը բեմադրած է ու, ինչպես դա հաճախ լինում է, աղջիկը նախապես ամեն ինչ իմացել է, պարզապես դերի մեջ է մտել։